Դատապարտյալի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվար կամ մարտ ամսից սկսած' ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրելու ընթացքում, հիմնարկի պաշտոնյայի հետ համաձայնության գալուց հետո, հարազատների օգնությամբ տարբեր անձանցից գնել ու հանձնուքի միջոցով ՔԿՀ է մտցրել տարբեր մոդելի ու արժեքի մոտ երկու տասնյակ բջջային հեռախոս: Դրանք վաճառել է տարբեր դատապարտյալների, իսկ ստացված շահույթի մի մասն էլ տվել է ՔԿՀ-ում ծառայություն իրականացնող պաշտոնյային:

 

Միմյանց միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված պաշտոնատար անձը, ապահովելով հեռախոսների անարգել մուտքը քրեակատարողական հիմնարկ, հետևել է նաև, որ դրանք գնած դատապարտյալների խցերում խուզարկություններ չկատարվեն' մինչև հեռախոսների գումարները չվճարելը: Հեռախոսների վաճառքից ստացված գումարները իրենից ստանալուց հետո, ՔԿՀ պաշտոնյայի հանձնարարությամբ կատարված խուզարկությունների արդյունքում հեռախոսները առգրավվել են' հետագայում դրանց մշտական պահանջարկն ապահովելու համար:

 

Կատարվում է նախաքննություն: