Թուրքիայի դպրոցներում կրոնը պարտադիր առարկա դարձվելուց հետո կառավարությունը որոշել է պարտադիր առարկա դարձնել նաեւ օսմաներենը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով HaberTurk հեռուստաալիքը, այդ մասին որոշումը Թուրքիայի ազգային կրթության նախարարությունն ընդունել է դեկտեմբերի 4-ին: Ըստ այդ որոշման' օսմաներենը պարտադիր ուսուցման առարկա է դառնում Թուրքիայի բոլոր վարժարաններում:
Թուրքիայի կրթության նախարարությունը որոշել է նաեւ կրոնի ուսուցումը դպրոցներում սկսել առաջին դասարանից: Նման որոշում նախարարությունն ընդունել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրերս արած' «նոր կենսակերպն սկսել տարրական դպրոցից» հայտարարությունից հետո, ինչով նա ակնարկել էր, որ կրոնը պետք է ոչ թե ընտրովի, այլ պարտադիր դասաժամ լինի Թուրքիայում:
Օսմաներենը պարտադիր դարձնելու որոշումը նախարարությունը հիմնավորել է այն բանով, որ «թուրք ժողովուրդը չի կարողանում կարդալ սեփական պապերի գերեզմանաքարերի վրայի արձանագրությունները»:
Այդ որոշման ընդդիմախոսները հայտարարել են, որ Էրդողանի այդ հանձնարարությունը երկիրը դեպի իսլամացում տանելու նրա որդեգրած քաղաքականության շարունակությունն է: