Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը հանցագործության հետ կապված խոսել է մինչ այժմ գործում անունը երբեք չհիշատակված երրորդ անձից:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալութունը' նշելով, որ Սամասթն ինքնակամ որպես «վկա» նոր ցուցմունք է տվել Դինքի սպանության գործը վերանայող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության բաժնի դատախազ Յուսուֆ Հաքը Դողանին:

 

Երեք ժամ տեւած հարցաքննության ընթացքում Սամասթը 8 էջ կազմող ցուցմունք է տվել դատախազին: Հարցաքննութունից հետո դատախազ Դողանը լրագրողներին հայտարարել է, որ «վկայի» ցուցմունքները «հետազոտության արժանի տեղեկություններ են», ինչն ինքը ձեռնամուխ կլինի անմիջապես:

 

Սամասթի նոր ցուցմունքներում տեղ են գտել նաեւ տեղեկություններ այն մասին, որ Ստամբուլի հետախուզական վարչության ղեկավար Ռամազան Աքյուրեքը եւ հետախուզության C բաժնի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը հանցագործությունից առաջ անձամբ ծանոթ են եղել Դինքի սպանությունը կազմակերպելու մասին նախապես տեղեկացրած ոստիկանության գործակալ Էրհան Թունջելի հետ:

 

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին' «Ակոս»-ի խմբագրության առջեւ նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում:

 

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ' Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը' 22 տարվա ազատազրկման:

 

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

 

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անանց, այդ թվում' Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որշումներ են ընդունվել: