Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել քաղաքում հայկական թանգարան և մշակութային կենտրոն կառուցելու վերաբերյալ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի առաջարկին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով elvaq.com-ը, այն կկառուցվի ի նշան հարգանքի Գլենդելում բնակվող ամերիկահայերի:

 

Հարցի քննարկմանը ներկա են եղել հայկական եկեղեցիների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր իրենց ֆիզիկական և նյութական աջակցությունն են խոստացել նախագծին: Կառուցվելիք թանգարանում կներկայացվի հայկական պատմությունը' ներառյալ նաև Հայոց ցեղասպանության ժամանակահատվածը: Հայոց ցեղասպանության տարելիցի կոմիտեի հանձակատար Բերժ Կարապետյանը նշել է, որ նախագծի նպատակն է թանգարանը ձոնել Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թանգարանն իր տեսակով լինելու է առաջինը ԱՄՆ արևմտյան շրջաններում:

 

Հանձնաժողովի համանախագահ Թալին Յաքուբյանը նշել է, որ թանգարանը կարևոր է ոչ միայն Գլենդելի հայ բնակչության, այլև ցանկացած մարդու համար, ով բնակվում է քաղաքում կամ դրա շրջակայքում: «Մենք պարտավոր ենք տեղեկացնել մեր հարևաններին, թե ովքեր ենք մենք և որտեղից ենք գալիս»,- նշել է Յաքուբյանը: