Եվրոպական ներդրումային բանկի եւ ՀՀ կենտրոնական բանկի միջեւ ստորագրվել է 50 մլն Եվրոյի վարկային պայմանագիր՝ հայկական ՓՄՁ-երի տարբեր ծրագրեր ֆինանսավորելու համար: Վարկային միջոցներն ուղղվելու են հիմնականում գյուղմթերքի վերամշակման, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարկը տրամադրվելու է ՀՀ կենտրոնական բանկին, որը միջնորդ ֆինանսական կազմակերպությունների միջոցով վարկային միջոցները հասանելի կդարձնի ՓՄՁ-երին:
Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, ով պատասխանատու է Հայաստանում Եվրոպական ներդրումային բանկի վարկավորման համար, նշել է, որ դա Եվրոպական ներդրումային բանկի կողմից Եվրոպական Միության արևելյան գործակցության տարածաշրջանում Կենտրոնական բանկին տրամադրված առաջին վարկն է: «Մենք հպարտ ենք այս նորարար գործակցության համար, որը կնպաստի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,- ընդգծել է նա:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն էլ նշել է, որ ՓՄՁ-երին ուղղված այս վարկը կամրապնդի ԿԲ երկարատև գործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ և կբարձրացնի բանկի դերը Հայաստանի տնտեսության կայուն զարգացման գործում:
Չնայած այն հանգամանքին, որ ՓՄՁ-ները կազմում են երկրի ձեռնարկությունների մեծ մասը, նրանց դերը ՀՆԱ-ում, արտաքին առևտրում և օտարերկրյա ներդրումներում դեռևս ցածր է: Ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմանն ուղղված մատչելի նպատակային վարկերի տրամադրումը հայկական ՓՄՁ ոլորտի զարգացման նախապայմաններից մեկն է:
Այս վարկը համապատասխանում է Եվրոպական ներդրումային բանկի՝ ԵՄ-ից դուրս վարկավորման չափանիշներին, որոնցից մեկը տեղական մասնավոր ոլորտի զարգացումն է՝ մասնավորապես, ՓՄՁ-ների աջակցությունը, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների և կլիմայական փոփոխությունների մեղմացումը: