Հայոց բանակը նախահարձակ չի լինում, այն կողմնակից է կանխարգելիչ միջոցառումների: Դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք ինքներս չենք խախտում, բայց երբ խախտում են մեր հարևանները, մենք պետք է պատասխան տանք: Նրանց «եռանդը» մարում է, երբ նրանք արժանի պատասխան են ստանում»,-ասաց նախարարը:
Հարցին ի պատասխան, թե ինչով է պայմանավորված ադրբեջանցիների պնդումը, թե հայկական կողմից դիվերսիոն գործողություն է եղել վերջին օրերին, Սեյրան Օհանյանը նշեց. «2014 թվականը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համար բավանին լարված տարի էր, այն առանձնացավ տարբեր տիպի դիվերսիոն, հետախուզական գործողություններով: Իրականության մեջ պաշտպանական բանակի գործառույթը ոչ միայն պաշտպանական խնդիրներ իրականացնելն է, այլ նաև կանխարգելիչ և նախականխիչ միջոցառումներ իրակայացնելը, որը շատ դեպքերում կատարվում է մեր տարածքից դուրս: Պատճառը պետք է փնտրել ադրբեջանական կողմի սադրանքների մեջ, ու հակառակորդը մեղքի իր բաժինը պետք է գիտակցի: Ցավոք, դրանք գաղտնիություն են իրենց մեջ պարունակում, բավարարվենք այնքանով, որքան ես ասացի»:
Ինչ վերաբերում է սահմանին լարվածության մակարդակին, ապա, նախարարի խոսքով, այն անընդհատ փոփոխվում է: «Նախկինում, եթե պաշտպանության բանակի հատվածում լինում էին կրակոցների 35-50 դրվագներ և օգտագործում էին մինչև 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-200-ի, իսկ փամփուշտների թիվը' 3000-5000-ի»,-նշեց նախարարը: Նա վերահաստատեց, որ հայկական բանակները պատասխանում են կանոնավոր դիպուկահարների կրակոցներին: «Անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում, դրանց չենք պատասխանում: Եթե լինում են սադրանքներ, մենք ձգտում ենք միայն չպաշտպանվել, նաև կանխարգելել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ավելացրեց Սեյրան Օհանյանը:
«Որքանո՞վ է սահմանին ստեղծվող լարվածությունն ազդում բանակցային գործընթացի վրա». նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, ազդեցություն չի ունենում, բանակցային գործընթացն ընթանում է իր հունով: «Պայմանավորվածությունները քաղաքական մակարդակով իրականացվում են: Պարզապես, լարվածությունները սովորաբար տեղի են ունենում տարբեր գործընթացների, հանդիպումների շրջանում, որով փորձում են ազդել հայկական կողմի վրա: Սակայն Արցախյան գոյապայքարի և այսօրվա փորձը ցույց է տալիս, որ արդեն իսկ այն նպատակները, որ մեր հարևանների մոտ կար, ի չիք դարձան 2014 թվականի ոտնձգությունների ժամանակ, իրենք իրենց ստի զոհը դարձան: Մենք մեր տեսակետների տերն ենք, հարցը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, խաղաղ պայմաններում' պաշտպանելով միջազգային բոլոր նորմերը»,-վստահեցրեց նախարարը: