Միավորված ազգերի կազմակերպության որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 10-ին, նշվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր:
«Միլիոնների խաղի» օրվան նվիրված՝ ստորև ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ:
Ֆուտբոլը որպես ոտքով գնդակով խաղ կիրառվել է մեր թվարկությունից առաջ: Այս մարզաձևով չինացի զինվորները պահպանել են իրենց ֆիզիկական վիճակը: Մարզաձևը կոչվել է Ցու Չյու, թարգմանաբար՝ «ոտքով հրել»:
Թե երբ է ձևավորվել ֆուտբոլը, հստակ հայտնի չէ, հայտնի է միայն, որ առաջին անգամ դարպասների ցանցը կիրառվել է 1891թ-ի մարտին, երբ միմյանց դեմ են խաղացել Անգլիայի հյուսիսը և հարավը:
1863 թվականին ստեղծվեց Ֆուտբոլի անգլիական ասոցիացիան, և ընդունվեցին խաղի կանոնները:
Մարզաձևի անգլիական ամբողջական անվանումն է «association football»:
Ֆուտբոլի ամենախոշոր մրցաշարերից մեկը՝ Աշխարհի առաջնությունները, անց են կացվում 1930 թվականից։ Նախաձեռնողը ֆրանսիացի Ժյուլ Ռիմեն է։ Նա ՖԻՖԱ-ի նախագահն է եղել 1930-1954 թվականներին։ Աշխարհի գավաթը 1930 թվականին Ռիմեի պատվերով պատրաստել է ֆրանսիացի ոսկերիչ Աբել Լեֆյորը։ Գավաթը կշռում էր 1 կգ 800 գրամ։ Հաղթանակի աստվածուհի Նիկեի ոսկե արձանիկի բարձրությունը 30 սմ էր։ 1966 թվականին գավաթն անհետացել է և այն գտել է լոնդոնցի Քորբեթը՝ իր այգում զբոսնելիս:
1983 թվականին կրկին առևանգվում է 47 հազար դոլար արժողությամբ գավաթը, այս անգամ ընդմիշտ։ Արդյունքում Բրազիլիայում ձուլում են «Ոսկե աստվածուհու» կրկնօրինակը։
Նոր գավաթը (մաքուր ոսկուց, երկրագնդի պատկերով, 36 սմ բարձրությամբ և 5 կգ քաշով) պատրաստել է իտալացի ոսկերիչ Սիլվիո Գազանգան։
Ֆուտբոլի առաջին առաջնությունում առաջին գոլը խփել է ֆրանսիացի Լյուսյնե Լորանը։
Նշենք, որ աժմ պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվում է 120 մլն մարդ:
11 մետրանոց հարվածների առաջացման պատմությունն ունի մի քանի տարբերակ: Տարբերակներից մեկի համաձայն՝ 1891 թվականին անգլիացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտիի առաջարկությամբ ֆուտբոլի մեջ մտցվեց կանոն, ըստ որի' սեփական տուգանայինում կոպիտ խախտման դեպքում պետք է նշանակվի 11 մետրանոց հարված, որն էլ այս մասնագետ անունով կոչվեց «Պենալ»:
«Ֆուտբոլի թիմը գեղեցիկ կնոջ նման է, եթե նրան չհիշեցնենք այդ մասին, նա կմոռանա, որ գեղեցիկ է»,- ասել է Արսեն Վենգերը: