Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցել են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձիք:

 

Միջոցառման գլխավոր նպատակն է ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, զարգացումները, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթները, ինչպես նաև, մեկ անգամ ևս անդրադառնալ խնդիրներին և ոլորտի զարգացման ապագա ծրագրերին:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում:

 

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում նախատեսված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր ու հստակ ծրագրեր: Հայկ Հարությունյանը նշել է նաև, որ վերականգ նվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ ռազմավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և, այդ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով, Հայաստանում ընդունվել են մի շարք ռազմավարական և օրենսդրական փաստաթղթեր:

 

Ուսումնասիրությունների համաձայն Հայաստանը ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ. էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):

 

Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է մեր հանրապետության էլեկտրական էներգիայի տարեկա ն արտադրանքի մոտ 29%-ը:

 

Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային միջավայրին առնչվող հարցերին, ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև, արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին:

 

Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը առավե­լա­գույնս արդյունավետ օգտագործելու համար: