Երևանի քաղաքապետարանը հերքում է «ՍՊՍ Սիգարոն» ընկերության մեղադրանքները: «ՍՊՍ Սիգարոն»-ի լրատվական ծառայությունը դեկտեմբերի 10-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, թե իբր Երևանի քաղաքապետարանը խոչընդոտում է ընկերության գործունեությունը և քաղաքապետարանի աշխատակիցների գործողությունները որակել է որպես ապօրինի:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, ընկերության տնօրինությունը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը բազմիցս բանավոր հարցում է կատարել «Սիգարոն» բովանդակությամբ գովազդ տեղադրելու հետ կապված և մերժվել է ՝ ստանալով մանրամասն պարզաբանումներ մերժման հիմքերի մասին։

 

Որպես մերժման հիմք ներկայացվել է նաև հանգամանքը, որ «ՍՊՍ Սիգարոն» անվանումը շփոթելու աստիճանի նման է «Սիգարոն» ծխախոտի անվանմանը և, ըստ էության, հանդիսանում է հովանոցային գովազդի դասական օրինակ։

 

Երևան քաղաքում գովազդային դաշտը կարգավորվում է «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով, Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ ու համապատասխան այլ օրենսդրական ակտերով։

 

Ըստ այդմ. «Գովազդի մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի համաձայն, գովազդը տարբեր տեսակի տեղեկատվական միջոցների օգնությամբ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, ապրանքների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկությունների տարածումն է անորոշ թվով անձանց շրջանում, որը կոչված է ձևավորելու կամ պահպանելու հետաքրքրությունը տվյալ ֆիզիկական և իրավաբանական անձի, ապրանքների կամ նախաձեռնությունների նկատմամբ։

 

Օրենքը նաև որոշակի սահմանափակումներ է նախատեսում գովազդի որոշ տեսակների, մասնավորապես ծխախոտի վերաբերյալ, որի գովազդն արգելված է ՀՀ-ում։

«Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված է նաև «հովանոցային գովազդ» հասկացությունը, որն այս պարագայում նույնպես արգելվում է։

 

«Հովանոցային» գովազդը այն գովազդն է, որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական է կամ շփոթելու աստիճանի նման է այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց գովազդի նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսված են սահմանափակումներ։

 

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ Երևանի ավագանու 2009թ. նոյեմբերի 18-ի 37-Ն որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գովազդ տեղադրելու կարգը։ Որոշման մեջ հստակ նշված է, որ արտաքին գովազդ տեղադրելուց առաջ տնտեսվարողները համապատասխան վարչական շրջանի ղեկավարից պետք է ստանան թույլտվություն ։ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊՆ-ն փաստացի անտեսել է նաև ավագանու որոշման այս պահանջը և առանց համապատասխան թույտվության տեղադրել է արտաքին գովազդ, ուստի, այս հիմքով նույնպես տեղադրված գովազդն ապօրինի է ճանաչվել։

 

Նախկինում նույն վայրում տեղադրված «Սիգարոն» գովազդն ապամոնտաժելու համար ընկերությունը գրավոր ծանուցվել է, որի արդյունքում հին գովազդային միջոցը ընկերության իսկ ուժերով ապամոնտաժվել է։ Այնուհետ, սակայն, «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը, հաշվի չառնելով ծանուցման մեջ նշված հիմնավորումները, առանց համապատասխան թույլտվության հին գովազդային միջոցի փոխարեն տեղադրել է նորը՝ իր քայլը հիմնավորելով որպես ՀՀ կառավարության 217-Ն որոշմամբ սահմանված ցուցանակի տեղադրում։

 

Վերոնշյալ արարքը դիտարկելով որպես օրենքը շրջանցելու միջոց' այն կանխվել է Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների ուժերով։ Նույն օրը ընկերությունը ծանուցվել է վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ, որի շրջանակում ընկերության ներկայացուցիչները կարող են տալ պարզաբանումներ իրենց կատարած գործողությունների վերաբերյալ։

 

Վարչական վարույթի արդյունքում կկազմվի վարչական ակտ, որը ենթակա է կատարման: Այն վերադասության կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ վարչական դատարանում։