Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով բերման ենթարկված 42-ամյա Արշակ Սվազյանին ստորագրությամբ ազատ են արձակել: Այս մասինԼուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի բաժնից:

 

Մեզ տեղեկացրին, որ վերցրել են Սվազյանի անձնագիրը և սահմանափակել նրա ազատ տեղաշարժը:

 

Նշենք, որ ըստ լուրերի, Սվազյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) վարորդներից է եղել, վարել է ԱԺ պետհամարանիշներով մեքենա:


Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան, ով դեկտեմբերի 14-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Երևանի Ծովակալ Իսակովի 30 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:


Նշենք նաև, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով`դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ: Կատարած արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: