ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության հասարակական անվտանգության և ազգային անվտանգության ու պաշտպանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Ռոբերտ Կոսլային:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով պարոն Կոսլային' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգության շուրջ ներկա մարտահրավերները հաղթահարելի են միայն միահամուռ ուժերով:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է կիբեռանվտագության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումն առաջատար այնպիսի ընկերության հետ, ինչպիսին «Մայքրոսոֆթ»-ն է:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Մայքրոսոֆթ» ընկերության ծրագրի շրջանակում առաջարկվող ծառայությունները' անվտանգության ոլորտում տեղեկատվության տրամադրման մեխանիզմները, կիբեռանվտանգության բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցությամբ տարբեր երկրներում իրականացվող ծրագրերը:

 

Անդրադարձ է կատարվել նաև «Մայքրոսոֆթ» ընկերության ուսումնական կենտրոններում ՀՀ ԶՈԻ անձնակազմի վերապատրաստման և որակավորման դասընթացներ կազմակերպելու հնարավորությանը: