«Հանրապետական» խմբակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին երկրում հայտնի գործիչների նկատմամբ կիրառված բռնությունների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,
- խորապես մտահոգված լինելով վերջին օրերին մեր երկրում մի շարք հայտնի գործիչների նկատմամբ բռնություն կիրառելու անընդունելի երևույթներով,
- ակնկալելով իրավապահ մարմինների օպերատիվ և անաչառ գործունեությունը' մեղավորներին հնարավորինս արագ բացահայտելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար,
- ընդգծելով' մեր գործընկեր Արամ Մանուկյանի և բռնության ենթարկված մյուս քաղաքացիների գործերի քննությունն Ազգային ժողովի և անձամբ ԱԺ Նախագահի ուշադրության կենտրոնում պահելու հանգամանքը
Հայտարարում ենք, որ
1. խստորեն դատապարտում ենք ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքացու և հատկապես քաղաքացիական ու հասարակական գործիչների նկատմամբ.
2. կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»: