Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդուն՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին մեկ տարի վեց ամիս կալանավայրում անցկացնելուց հետո, դատարանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Դավիթի պաշտպանը՝ Վահան Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ նախարարի որդին մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, Իրանի Իսլամական Հանրապետությունում գործով չպարզված հանգամանքներում, առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի' ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ, մաքսանենգ ճանապարհով, մաքսային հսկաղությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն:
Նշենք նաև, որ նա մեղավոր էր ճանաչվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
Լուսանկարը՝ News.am-ի