Ադրբեջանի իշխանությունը կորցրել է իր բոլոր հենարաններն արտասահմանում: Ադրբեջանի իշխանությանն արվող աջակցությունից հրաժարվում է նաեւ նրա վերջին հույս Իսրայելը, ինչի վկայություն են հանդիսանում իսրայելական Haaretz եւ Jerusalem Post թերթերում Ադրբեջանի հետ կապված քննադատական հոդվածները եւ Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղար Ազեր Գասիմովի կողմից անմիջական արձագանը դրանց ու Իսրայելի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Իսրայելի հեղինակավոր Haaretz եւ Jerusalem Post թերթերն անցյալ շաբաթ հոդվածներ էին հրապարակել Ադրբեջանում մարդու իրավունքների աղետալի վիճակի, իրավապաշտպանների ձերբակալության, Ադրբեջանի իշխանության ռեպրեսիվ քաղաքականության, Արեւմուտքից հեռանալով' Ռուսաստանի կողքին տեղ զբաղեցնելու ու դրանով Թել Ավիվ-Բաքու հարաբերությունները ռիսկի ենթարկելու մասին, եւ քննադատություններ հնչեցրել Ադրբեջանի իշխանության հասցեին:
«Վերջին շրջանում, երեւում է, Ադրբեջանը փոխել է արեւմտամետ արտաքին քաղաքականությունը եւ ուղղությունը թեքել դեպի Ռուսաստան», -նշել են իսրայելական հեղինակավոր թերթերը:
Ազեր Գասիմովն այդ առնչությամբ հայտարարել էր, որ Իսրայելի իշխանությանը մոտ կանգնած այդ թերթերում Ադրբեջանի հետ կապված քննադատական նյութերի հրապարակումը «հակաադրբեջանական արշավ իրականացնող որոշ ուժերի պատվեր է, որոնք դեմ են Ադրբեջանում առկա զարգացման գործընթացներին եւ Ադրբեջանի ու Իսրայելի մերձեցմանը»:
Անդրադառնալով Ազեր Գասիմովի այդ հիստերիկ արձագանքին' «Ազադլըգ»-ը գրում է, որ իսրայելական հեղինակավոր թերթերում Ադրբեջանի հասցեին քննադատական հոդվածների հրապարակումը ցույց է տալիս, որ Իլհամ Ալիեւի իշխանության եւ Թել Ավիվի միջեւ հարաբերությունները նույնպես խարխլվել են:
«Երեւում է' Արեւմուտքի հետ Ադրբեջանի իշխանության բախման ու դիմակայության խորացումը Իսրայելին դրդել է վերանայել Ալիեւների հետ համագործակցությունը, ինչի մասին նա ուղերձ է հղում Haaretz-ի եւ Jerusalem Post-ի միջոցով: Թերթին հասած տեղեկություններով, արդեն Ադրբեջանի իշխանական ճամբարում եւս հասկանում են, որ Իլհամ Ալիեւը կորցրել է արտասահմանում իր բոլոր հենարանները: Հատկապես Իսրայելից եկած հարվածն իրարանցում է առաջացրել իշխանական ճամբարում, քանի որ Ադրբեջանի իշխանությունը մշտապես զգում էր այդ երկրի աջակցությունը եւ օգտվում հրեական լոբբիստակա ն կազմակերպությունների օգնությունից: Բայց այժմ երեւում է, որ Իսրայելն էլ է ձեռք քաշում Ալիեւի իշխանությունից», -գրում է «Ազադլըգը»-ը: