Հայկական բանակն անկախության տարիների ամենակայացած կառույցն է։ Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ «Եթե մեր մյուս կառույցները կամ կառույցների ղեկավարները նույնպիսի նվիրումով և սիրով վերաբերվեն իրենց կառույցներին, ապա արդյունքները կլինեն այնպիսին, ինչպիսին մեր բանակի պարագայում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավթյանը և հավելեց, որ 2014 թվականի ընթացքում ադրբեջանական կողմի մեծաքանակ սադրիչ դիվերսիաներին ի պատասխան մեր բանակի փայլուն գործողությունների շնորհիվ հօդս ցնդեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հոխորտանքները, թե իբր իրենք մեր նկատմամբ ունեն ռազմական գերակշռություն:
Անդրադառնալով անցնող տարում արձանագրված ձեռքբերումներին՝ բանախոսը նշեց, որ իշխանությունների գլխավոր ձեռքբերումն, անշուշտ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն է: «ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի տնտեսության համար լավ հեռանկարներ են բացվում, ինչը հույս է ներշնչում, որ 2015թ. կարող է բեկումնային դառնալ մեր երկրի հետագա զարգացման համար»,- ընդգծեց նա:
Խոսելով դրամի արժեզրկման մասին՝ պատգամավորը նկատեց, որ իրեն գոհացրել են Ազգային ժողովի դռնփակ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի տված բացատրությունները: «Նա մեզ հավաստիացրեց, որ դրամի վերջնական կայունացումից հետո գնաճի մակարդակը չի գերազանցի 2 տոկոսը, այսինքն այն չի գերազանցի 2015թ. բյուջեում նախատեսված 4 գումարած-հանած 1,5 տոկոսի սահմանները»,- պարզաբանեց Արտակ Դավթյանը:
2014թ. հուլիսի-օգոստոս ամիսներին շփման գծում Ադրբեջանն իրականացրել է լայնամասշտաբ դիվերսիոն-սադրիչ գործողություններ, որոնք իրենց ծավալներով և քանակով աննախադեպ էին վերջին 20 տարում։ Հայկական կողմը, չնայած կորուստներին, արժանի հակահարված տվեց հակառակորդին՝ նրան պատճառելով մեծաքանակ մարդկային և նյութական վնասներ:
Ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում 2014թ. նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ24 ուղղաթիռը: Դեպքին հաջորդած տասը օրում ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրին օպերացիա, որի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: 2014թ. նոյեմբերի 25-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի ունեցավ օդաչուների հուղարկավորությունը:
2014թ. դեկտեմբերի 23ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ օրն իսկ Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ: