Կարապի լճի սահադաշտն արդեն 10-րդ տարեշրջանն է, որ իր դռներն է բացում չմշկասահքի սիրահար երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի առջև: Սահադաշտի տարեշրջանի հանդիսավոր բացումն դեկտեմբերի 22-ին ազդարարվել է Երևանի գեղասահքի և թափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաների ելույթով, ովքեր հանդիսավոր սահքով սահադաշտ են բերել եռագույնն ու Երևանի դրոշը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը շարունակվել է պատանի մարզիկների ցուցադրական ելույթներով: Կարապի լճի սահադաշտի հանդիսավոր բացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

 

Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը սահադաշտում կարող են սահել ամեն օր՝ առավոտյան ժամը 11:00-ից մինչ 22:00-ն, բացառությամբ ժամը 16:00-ից 18:00-ը տևող տեխնիկական ընդմիջման: Սկսնակներին վարժվելու հարցում կօգնեն հմուտ մարզիկները: Ի դեպ, այս տարի ձեռք են բերվել նոր չմուշկներ, որոնցով սահքը կլինի առավել դյուրին:

 

Հնարավոր վնասվածքների դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու համար, ինչպես ամեն տարի, սահադաշտի հարևանությամբ կգործի բուժկետը: