Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի կողմնակիցների' «գյուլենականների» դեմ հաղթանակ տանելու մասին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Նրա խոսքով' Գյուլենի շարժման դեմ պայքարը պայքար էր երկրի ազատության համար: Նա նշել է, որ Թուրքիայում ապօրինի կառույցների դեմ պայքարը շարունակվելու է:

 

«Գյուլենականների» դեմ անցյալ տարվա դեկտեմբերի կեսերից սկսված պայքարում վերջին իրադարձությունը Թուրքիայում հանդիսացել է այս տարվա դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանության կողմից «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըի ձերբակալությունը: Բացի այդ, ձերբակալվել են Samanyolu հեռուստաալիքի եւ մի շարք թերթերի աշխատակիցներ, որոնք կասկածվում են Ֆաթուլլահ Գյուլենի շարժմանը հարելու մեջ: Այդ օրը ձերբակալվել են ԶԼՄ-ների, դատաիրավական համակարգի 27 աշխատակիցներ:

 

Էրդողանը Գյուլենին հայտարարել է իր թիվ մեկ գլխավոր թշնամին: Թուրքական դատարանը դեկտեմբերի 19-ին Ֆաթուլլահ Գյուլենին ձերբակալելու վճիռ է կայացրել: Թուրքիայի նախագահի գլխավոր քաղաքական հակառակորդը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության» մասնակից լինելու մեջ:

 

Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը քննադատել են Թուրքիայում իրագործված ձերբակալությունները:

 

73-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

 

ԱՄՆ-ում վտարանդիության մեջ բնակվող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: