Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի Սպայի տանը տեղի Է ունեցել ամանորյա սպայական պարահանդես զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ: Տոնական միջոցառմանը հրավիրված Էին 2014 թվականի շրջանավարտ երիտասարդ լեյտենանտներ, որոնք իրենց լավագույն կողմերով են դրսեւորել մարտական ուսուցման խնդիրները կատարելիս:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հանդիսավոր ժողովում ռազմակայանի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ստորադրյալներին շնորհավորել Է մոտեցող Ամանորի առթիվ՝ նշելով, որ ստուգումներն ու առաջադրանքների կատարումը վկայում են անցնող տարվա հաջող ավարտը:
Պաշտոնական մասն ավարտվել Է աչքի ընկած զինծառայողների պարգեւատրմամբ, կայազորի Սպայի տան գեղարվեստական կոլեկտիվների եւ Հայաստանի երաժշտական կոլեկտիվների ելույթով:
Շուրջ հարյուր սպաներ տոնական համազգեստով՝ երեկոյան զգեստներ հագած հմայիչ ընկերակցուհիների ուղեկցությամբ պարել են վալս, մազուրկա եւ պոլոնեզ: Մեկ ամսվա ընթացքում զինծառայողները պարերի փորձեր են արել պրոֆեսիոնալ պարուսույցների հետ:
«Սպայական պարահանդեսի անցկացումը նպաստում Է ռուսական բանակի զինվորական մշակույթի ավանդույթների վերականգնմանը»,- նշել Է անձնակազմի հետ աշխատանքի գծով միավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ալեսքեյ Պոլյուխովիչը:
Սպայական հերթական պարահանդեսը պլանավորված Է փետրվարի 23-ին՝ ի պատիվ Հայրենիքի պաշպանների օրվա: