Կիեւը պետք է լուրջ բանակցություններ սկսի իշխանության ֆեդերալացման շուրջ եւ Ուկրաինայի հարավ-արեւելքին բավարարող լուծում գտնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը հայտնել է ավստրիական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է դեկտեմբերի 28-ի երեկոյան:

 

Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորումը պետք է սկսվի «հրադադարի ռեժիմի պահպանմամբ»:

 

«Երկրորդ՝ անհրաժեշտ է խելամիտ երկխոսություն, որը կբերի ոչ թե իրադրության բարդացման, այլ լիցքաթափման»,- ընդգծել է Ֆիշերը: «Ուստի ես պաշտպանում եմ նրանց, ովքեր ասում են, որ մենք հասել ենք այն փուլին, երբ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը, եթե արգելակի էլ նրա զարգացումը, ապա հաստատ մեզ չի մոտեցնի Ուկրաինայի հակամարտության լուծմանը»,- հավելել է նա:

 

«Ավելին՝ պետք է լուրջ բանակցություններ սկսվեն իշխանության ապակենտրոնացման եւ ֆեդերալացման ոլորտում բարեփոխումների շուրջ, որոնք երկրի հարավ-արեւելքում կստեղծեն այնպիսի իրադրություն, որը կբավարարի երկու կողմերին»,- ընդգծել է Ավստրիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: