Հայաստանում Արարատյան դաշտում և հովտային շրջաններում Նոր տարին կդիմավորենք առանց ձյան: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Ինչպես տեսնում եք, շատ տաք դեկտեմբեր է, ա մսվա առաջին և երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը 2 աստիճանով բարձր էր նորմայից, իսկ վերջին հնգօրյակում' 5-6 աստիճանով էր բարձր:
Դեռ որոշակի բարձրացում սպասվում է: Վաղը ջերմաստիճանը կբարձրանա, Տավուշում այն կհասնի մինչև 18 աստիճանի, Սյունիքում' 14 աստիճանի: Ամսի 31-ին մեկ աստիճանով կնվազի ջերմաստիճանը, հունվարի մեկից 1-2 աստիճանով կնվազում կդիտվի, հունվարի 2-ին և 3-ին սպասվում են թույլ տեղումներ: Նոր տարին հովտային, նախալեռնային շրջաններում կդիմավորենք առանց ձյան, միայն լեռնային շրջաններում ձյուն կդիտվի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց օդերևութաբանը:
Նրա խոսքով' հունվարը ևս կանխատեսվել է նորմայից ավելի տաք: «Այս տարի հունվարը կանխատեսվել է 2-3 աստիճանով տաք: Միջին ջերմաստիճանը կլինի -2-ից -1:
Նմանատիպ տաք հունվարներ են դիտվել 1966-ին, 1987-ին, 2003-ին»,-ասաց նա:
Զարուհի Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի առաջին հնգօրյակից հետո սպասվում են տեղումներ, այդ իմաստով' հունվարը նորմայից բարձր է լինելու: «Արարատյան դաշտում ամսի 6-ից հետո ինտենսիվ փոփոխություններ են սպասվում: Առաջին հնգօրյակից հետո ձմեռը պետք է մտնի իր հունի մեջ»,-ավելացրեց Զարուհի Պետրոսյանը:
Տաք ձմռան հնավոր վնասը, ըստ օդերևութաբանի, կարող է լինել վեգետացիայի արթնացումը, բայց քանի որ հունվարին ջերմաստիճանի նվազում կդիտվի, այդ վտանգը կչեզոքացվի:
Հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավոր է անցյալ տարվա նման ունենանք ջրային ռեսուրսների պակաս տեղումների բացակայության պատճառով, Զարուհի Պետրոսյանը ընդգծեց, որ անցյալ տարի աշնանը չենք ունեցել տեղումներ, իսկ այս տարի դիտվել են: Բացի այդ' հունվարին տեղումների քանակը կանխատեսվել է բավականին բարձր, որը հույս է առաջացնում, որ նման իրավիճակ չի ստեղծվի: