Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ «Ժառանգությունն» այս տարի ձեռքբերումներ չի գրանցել իր գործունեության մեջ: «Չեմ կարող ասել, որ ունենք ձեռքբերումներ, եթե ունենայինք, ապա ՀՀ քաղաքացիներն ավելի բարեկեցիկ կյանքով կապրեին: Ընդհանուր առմամբ' բացթողումները, անկումը համատարած է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատգամավորը' նշելով, որ խմբակցությունն իր հնարավորությունների սահմաններում գործել է, բայց չի արձանագրել հաջողություն:

 

Անդրադառնալով ներքին քաղաքական զարգացումներին ու Եռյակի գործունեությանը' Զարուհի Փոստանջյանը նշեց, որ գալիք տարին ցույց կտա, թե քաղաքական ուժերն ինչ քաղաքականություն կվարեն: «Հաջորդ տարի մեզ սպասվում է խոր ճգնաժամ' ինչպես տնտեսական, այլև քաղաքական, և պետք է պատրաստ լինենք այդ իրադարձություններին ու դրանք կառավարելուն»,- հայտնեց պատգամավորը:

 

Զարուհի Փոտանջյանի կարծիքով' Հայաստանի համար այս տարվա ամենաանցանկալի իրադարձությունը Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացումն էր ԱԺ-ի կողմից: «Կարծում եմ' սա մի պատմական փաստ է հայ ժողովրդի պատմության ընթացքում, որը բնորոշում է պետականության հետընթաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց նա: Հարցին ի պատասխան, թե ինչպես կընթանա Հայաստան-Եվրամիություն հետագա համագործակցությունը' Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի Ռուսաստանը: «Եթե ժողովորդավարական կարգեր լինեն այնտեղ, քաղաքակիրթ աշխարհի հետ մեր հնարավորությունները կընդլայնվեն»,- ասաց պատգամավորը:

 

Զարուհի Փոստանջյանը նշեց նաև, որ 2014-ի կորուստներից էր Գերմանիայում Հայաստանի դեսպան, ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահը, ում պատգամավորը հիշում է շատ ջերմությամբ: