Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծվող կամ այնտեղից արտահանվող մի խումբ ապրանքների համար սահմանված արգելքները կկարգավորվեն լիազոր մարմինների կողմից, որոնք կձևավորվեն գերատեսչությունների կազմում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության վարչության պետ Արմեն Եգանյանը: Նա նշեց, որ այդ արգելքները սահմանվել էին նաև Հայաստանի օրենսդրությամբ և գործել են տարիներ շարունակ:

 

Արմեն Եգանյանը մանրամասնեց տարբեր բնույթի կրիչներով ինֆորմացիայի փոխանակման արգելքը' նշելով, որ արգելվում է միայն ահաբեկչական կամ պոռնոգրաֆիկ տեղեկատվության տարածումը: «Դա նաև մեր կանոնադրությամբ է արգելվել: Այս սահմանափակումներն ու արգելքները կապված են ներքին շուկայի պաշտպանության հետ, և խնդիր չի առաջանալու տեղեկատվության տարածման հետ կապված:

 

Սահմանափակումը չի վերաբերում անձնական օգտագործման տեղեկատվությանը, այլ միայն այն նյութերին, որոնք ներմուծվում կամ արտահանվում են տարածման նպատակով»,- ասաց նա:

 

Արդյունաբերության վարչության պետը նշեց, որ ապրանքները կդասակարգվեն և դրանց համար կսահմանվի լիազոր մարմին, որն էլ լիցնենզիաներ կտրամադրի: «Սահմանափակման ենթակա ապրանքների նկատմամբ պետք է գործեն լիցենզիաներ, որոնք տրամադրելու են տվյալ երկրի համապատասխան լիցենզավորող մարմինները»,- պաևզաբանեց նա:

 

Էկոնոմիկայի նախարարությունն ավելի վաղ տարածել էր պարզաբանում ներկայացված արգելքների վերաբերյալ' նշելով, որ սահմանափակումները կրում են պարտադիր բնույթ և պետք է կիրառվեն ԵՏՄ անդամ բոլոր պետությունների կողմից, առանց որևէ բացառության:

 

Համաձայն այդ պարզաբանման' արգելքները կամ սահմանափակումները կիրառվելու են քաղաքացիական և ծառայողական զենքի, թմրանյութերի, վտանգավոր թափոնների, հազվագյուտ կենդանիների ու բույսերի, ինչպես նաև այլ առանձնահատուկ ապրանքատեսակների նկատմամաբ:

 

«Այս միասնականությունն ապահովելու նպատակով, Հայաստանի կառավարության որոշմամբ, սահմանվել են յուրաքանչյուր ապրանքախմբի մասով ՀՀ լիազոր պետական կառավարման մարմիններ, որոնք պետք է համակարգեն լիցենզավորման գործընթացը: Դրա հետ մեկտեղ, հաստատվել են արգելքենրի և սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկերը, լիցենզիաների տրամադրման ընթաակարգերը»,- նշվում էր հաղորդագրության մեջ:

 

Ըստ ԵՏՄ կանոնադրության' լիազոր մաիմինների կողմից կհաստատվեն այդ ապրանքախմբերում ներառված ապրանքների ցանկերն' ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ինչպես նաև լիցենզավորման ընթացակարգերը, որտեղ հստակ նկարագրված կլինի լիցենզավորման ողջ գործընթացը: