Օգտվել չափավոր, չչարաշահել ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները, սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին ու ժամկետներին: ԼՂՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել մի շարք խորհուրդներով եւ զգուշացումներով' ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար:

 

«Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ: Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը' 70 աստիճանից բարձր: Չխախտել կիսաֆաբրիկատների, հում և պատրաստի սննդամթերքի պահպանման կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով»,- « Արմենպրես»-ի փոխանցմամբ հաղորդագրություն է տարածել նախարարությունը:

 

ԼՂՀ առողջապահության նախարարությունից խորհուրդ են տալիս նաեւ պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի, սննդամթերքի համային հատկությունների և արտաքին տեսքի' կողմնակի հոտի, համի, գույնի փոփոխության դեպքում այն չօգտագործել: Կարեւոր է նաեւ հիգիենայի պահպանումը: Սնունդ պատրաստելուց և ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով' օգտագործելով միայն խմելու ջուր:

 

«Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների և ալկոհոլի օգտագործումը: Չգնել ու սննդի մեջ չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր, սունկը գնել միայն շուկայից և խանութներից' համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Խորհուրդ չի տրվում երեխաներին և հղի կանանց սննդի մեջ օգտագործել սունկ և տնային պայմաններում պատրաստված պահածոներ: Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

ԼՂՀ առողջապահության նախարարությունը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և առողջական խնդիրներ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական հաստատություններ: