Ֆրանսիական «Charlie Hebdo» շաբաթաթերթի խմբագրության դեմ իրականացված ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ է մատուցվել Վալենսիայի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով Nouvelles d'Armenie ամսագիրը, սուրբ պատարագի մասնակիցները Տեր հայր Անդրանիկ Մալդջյանի առաջնորդությամբ նաև ծաղիկներ են դրել հայկական եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի դիմաց: Արարողությանը մասնակից երիտասարդներից շատերը «Ես Charlie եմ» կարգախոսով պաստառներ են պահել, իսկ հայր Անդրանիկ Մալդջյանը Հայ եկեղեցու համերաշխությունն է հայտնել սպանված ծաղրանկարիչների ընտանիքներին և հարազատներին, ապա ծաղկեպսակ դրել խաչքարի առաջ:
Նահատակների հիշատակին մահախոսական է կարդացել վալենսացի ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզյանը, ով խստորեն քննադատել է խոսքի, կարծիքի ազատ արտահայտման և ծաղրանկարի դեմ այս կոպիտ ոտնձգությունը: «Մենքˋ հայերս, առաջին քրիստոնյա ազգն ենք աշխարհում և բազմիցս տուժել ենք մեր զավթիչների բարբարոսություններից և հատկապես կրոնական անհանդուրժողականությունից: Մենք պետք է ավելի քան երբեւէ հայտնենք մեր համերաշխությունը Ֆրանսիային: Հայերը շատ ծանր գին են վճարել կրոնական ատելության պատճառով: Այսօր այդ ամենը հասել է Արևմուտք. Եվրոպան անցնում է այն ամենի միջով, ինչ Հայաստանն անցել է վերջին դարերում և անգամ քսանմեկերորդ դարում, երբ Ադրբեջանը հարյուրավոր հայկական խաչքարեր ոչնչացրեց Նախիջևանի Նոր Ջուղայում», - ասել է Գրիգոր Ամիրզայանը:
Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdoի խմբագրության վրա կատարված հարձակման հետևաքնով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել է: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում: