Բրիտանական հեղինակավոր The Guardian թերթը բացահայտել է աշխարհի տարբեր ծագերում գտնվող 12 հանգստավայրերը, ուր արկածների սիրահարները 2015 թվականին կարող են անցկացնել իրենց հանգիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ թերթի հայտնաբերած վայրերի թվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Թերթը նշում է, որ «լեռնային անկլավը շրջապատված է Ադրբեջանի կողմից, բայց գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»:
«Սահմանային բախումները և քաղաքական վերահսկողության համար մղվող շարունակական պայքարը հուշում են, որ երկիրը թույլ սիրտ ունեցող մարդկանց համար չէ, սակայն տարածաշրջանն առաջարկելու շատ բան ունի' լեռներում ծվարած վանքեր, հնագիտական վայրեր, հնագույն քարանձավներ և չնաշխարհիկ բնություն»,- գրում է The Guardian-ը և հավելում, որ նրանց համար, ովքեր կխիզախեն այցելել գողտրիկ Լեռնային Ղարաբաղ, տուրիստական գործակալությունները տասնմեկօրյա խմբակային ուղևորություններ են առաջարկում, որոնք սկսում և ավարտվում են Հայաստանի մայրաքաղաք Երևանում:
Հեղինակավոր թերթն արկածային զբոսաշրջիկներին առաջարկում է նաև 2015 թվականին մակույկով զբոսանք կատարել Ֆիջիի ծովերում, սուրճի բույրի հետքերով այցելել Նիկարագուա, սերֆինգով զբաղվել Մոզամբիկի ծովափերին, գոյատևման ակադեմիայի դասընթացների գնալ Մեծ Բրիտանիա, բաց չթողնել Պիրենեյան լեռներում ձիավարելու հնարավորությունը: