Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մշակույթի պալատում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի 2014 թվականի տարեկան աշխատանքային հաշվետվությունն ընդունեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը կանգ առավ ինչպես բանակային երկրորդ կորպուսի տարեկան ձեռքբերումների, այնպես էլ Հայոց բանակում արձանագրված հաջողությունների, մարտունակության հետագա բարձրացման, արդիականացման ու հզորացման, բարեփոխումների շարունակման և մի շարք առաջնահերթ խնդիրների վրա: «Բանակային երկրորդ կորպուսի ջանքերով 2014 թվականին առաջնային գծում ոչ միայն հաջողվել է անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև հայտնաբերել և վնասազերծել թշնամու դիվերսիոն խումբը: Մենք անցած տարում կարողացանք հակառակորդին 6 անգամ ավելի կորուստներ պատճառել, մեր բանակում էականորեն նվազեցնել միջանձնային հարաբերությունների արդյունքում տեղի ունեցող սպանությունները կամ ինքնասպանությունները, արատավոր մյուս երևույթները:
Նախորդ տարում մենք գտանք մեր արժանավոր հերոսներին, ներքին և համազգային համախմբման համար կայուն հիմքեր ստեղծեցինք: 2015 թվականին մենք առաջնորդվելու ենք «Բարեփոխումներին՝ որակական առաջընթաց» կարգախոսով, գրանցված հաջողությունները զարգացնելու հավակնոտ ու իրատեսական ծրագրերով»,- նշեց Սեյրան Օհանյանը: Նախարարն արտաքին սպառնալիքների չեզոքացման կողքին ոչ պակաս կարևոր համարեց նաև արատավոր բարքերը մեր բանակի շարքերից արմատախիլ անելու խնդիրը: «Մենք այս տարում էլ մեր բանակի գերակա խնդիրը համարում ենք Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն արտաքին բոլոր սպառնալիքներից, որի համար մշտապես պետք է ունենանք խելամիտ պաշտպանության հայեցակարգ»,- շեշտեց նախարարը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումների հրամանատարները, սպաները, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզի տարածքային զինվորական կոմիսարները, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպումը սկսվեց պարգևատրման արարողությամբ:
ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, Գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը զենքով, պատվո դրոշով, դրամով, կենցաղային թանկարժեք իրերով և ժամացույցով պարգևատրեց անցած տարում ծառայության մեջ աչքի ընկած սպաներին ու զինծառայողներին, հրամանատարներին, առանձնացված ստորաբաժանումներին՝ սահմանված ամենատարբեր անվանակարգերում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակաշինության և ռազմահայրենասիարական դաստիարակության մեջ մեջ ներդրած ավանդի համար Պաշտպանության նախարարության հուշամեդալներով պարգևատրեց բանակային երկրորդ կորպուսի զինծառայողներին, պետական կառավարման և տեղական ինքնակառարման մարմինների աշխատակիցներին, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
«Խորհրդանշական զինվոր» արձանիկներով պարգևատրվեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը:
Հանդես գալով հաշվետու զեկուցմամբ՝ Պողոս Պողոսյանը նշեց, որ բանակային երկրորդ կորպուսի ստորաբաժանումները 2014 թվականին կատարել են մարտական բոլոր առաջադրանքները, համալրվել անհրաժեշտ նոր զինտեխնիկայով և տեխնիկական այլ միջոցներով, բացահայտել և վնասազերծել թշնամու կողմից ձեռնարկված դիվերսիոն խումբը, մշակել և Պաշտպանության նախարարության հաստատմանը ներկայացրել հակառակորդի ոտնձգությունների կանխարգելմանն ուղղված ծրագիր, բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար ձեռնարկել տեսանելի և արդյունավետ քայլեր: Կորպուսի հրամանատարը վստահեցրեց, որ 2015 թվականին ևս կշարունակվեն իրենց վստահված սահմանների պաշտպանունակության ամրապնդման, բանակային ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ավելի գործուն քայլեր կձեռնարկվեն բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, կնվազեն բանակում տեղ գտած արատավոր երևույթները:
Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզի ղեկավարությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ բանակաշինության զարգացմանն ուղղված քայլերին գործուն աջակցություն ցուցաբերելու, հայ զինվորի կողքին կանգնելու, նրան քաջալերելու համար:
Խոսրով Խլղաթյան