Սիրիայի ընդդիմության կողմերը, որոնք, հնարավոր է, հրաժարվեն Մոսկվայում կայանալիք սիրիական ճգնաժամի վերաբերյալ հանդիպումից, շատ բան կկորցնեն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բուրունդիի Հանրապետության իր գործընկեր Լորան Կավակուրի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Պատասխանելով առաջիկայում կայանալիք հանդիպման վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ նրանք, ովքեր կորոշեն չմասնակցել բանակցություններին, կկորցնեն իրենց դիրքեր բանակցային ողջ գործընթացում: Լավրովը դրական ակնկալիքներ ունի կայանալիք հանդիպումից, ինչպես նաև կարծում է, որ հանդիպմանը լավ կազմ կներկայանա:

 

Նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Բուրունդիի կարծիքները շատ հարցերում համընկնում են: Նրանք հանդես են գալիս միջազգային նորմերի պահպանման դիրքերից, հարգում են պետությունների ինքնիշխանությունը, դեմ են պետությունների ներքին գործերի միջամտությանը:

 

Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը նշել էր, որ Սիրիայի ընդդիմությանը հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Մոսկվայում կայանալիք համաժողովին, որը նախատեսված է անցկացնել հունվարի 26-29-ը ժամանակահատվածում:

 

Նա հույս է հայտնել, որ Սիրիայի արտաքին ընդդիմությունը կընդունի հրավերը և կմասնանցի համաժողովին:

 

Նախատեսված է, որ հունվարի 28-ին տեղի կունենա հանդիպում սիրիական ընդդիմության և սիրիական կառավարության միջև: