Շվեդիայի իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը հունվարի 14-ին կամզակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հասարակական հետաքրքրություն առաջացրած և մասնակիցների մեծ թիվ գրանցած սեմինարի բանախոսներն էին Ստամբուլում Շվեդիայի նախկին գլխավոր հյուպատոս Ինգմար Կարլսոնը, նրա դուստրը՝ Լունդի համալսարանի մարդու իրավունքների գծով գիտաշխատող Անդրեա Կարլսոնը, և ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
Բանախոսներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։
Մասնավորապես Ինգմար Կարլսոնը ներկայացրել է Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը՝ խոսելով դրա պատճառների մասին։ Անդրեա Կարլսոնն իր հերթին անդրադարձել է ներկայումս Թուրքիայի կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը և դրա արդյունքում հասարակությունում տեղեկատվության պակասին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի գիտական և հասարակական շրջանակներում աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանության փաստն ընդունող անձանց թիվը։
Թոմաս Համմարբերգն անդրադարձել է Ցեղասպանության իրավական կողմին' բացատրելով, թե ինչպես կարող է 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ունենալ հետադարձ ուժ։ Վերջին երկու բանախոսներն առանձնահատուկ կերպով նշել են նաև Ցեղասպանության հետևանքների համար փոխհատուցման անխուսափելիությունը։