Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ' արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ: «Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան' Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ' նշելով, որ իրենք որևէ կապ չեն ունեցել երեկվա միջադեպի հետ, սակայն արդար դատավճիռ են ակնկալում ոճրագործի համար:
«Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել և չի մասնակցել նաև կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում և պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը և ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ: Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք' մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեցին հարազատները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա էհասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո իրավիճակը Գյումրիում լարվել է: Հանրահավաքի մասնակիցները Շիրակի մարզի դատախազության շենքի առջև հանդիպել են ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ով վստահեցրել է, որ դիմելու է ռուսականկողմին' ոճրագործին հայաստանյան իրավապահներին հանձնելու համար: Այնուհետև հանրահավաքի մասնակիցները պահանջել են նկարահանել ոճրագործին, որպեսզի հավաստիանան, որ նա գտնվում էԳյումրիում: Դատախազության շենքի մոտից հանրահավաքի մասնակիցներն ուղևորվել են ՌԴ հյուպատոսարանի շենք, որտեղ էլ ցուցարարների և ոստիկանների միջև արձանագրվել է բախում: Երեկոյան չնախատեսված հավաք է տեղի ունեցել նաև Երևանի Ազատության հրապարակում: