ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հաշտության պայմանագիր է կնքել «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ հետ: Արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործն ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակե րպության ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի' տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:
Դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը' խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը, այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:
2014 թվականի օգոստոսին, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները, ԻԱԿ Հ/Կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել հաշտության համաձայնագիր կնքելու: 2015 թվականի հունվարի 19-ին կողմերի միջև կնքվել է պայմանագիր, որի արդյունքում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ-ն ամբողջությամբ հրաժարվել է իր հայցապահանջից (հայցապահանջներից):