Փարիզից 14 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիրոֆլ շրջանի փողոցներից մեկը կկոչվի պոլսահայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ Զապել Եսայանի անունով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի հայկական Nouvelles d’Arménie պարբերականը:

 

Փողոցի անվանափոխության արարողությունը տեղի կունենա հունվարի 24-ին: Նույն օրը Զապել Եսայանին նվիրված կոնֆերանս կկազմակերպվի, որի ժամանակ կխոսի պոսլահայ գրողի «Ավերակներու մեջ» գրքի ֆրանսերեն թարգմանության հեղինակ Լևոն Քեթչեյանը:

 

Զապել Եսայանը ծնվել է 1878 թվականին Պոլսի Սկյութար թաղամասում: Ավարտել է տեղի Սուրբ Խաչ վարժարանը, 1895 թվականից Փարիզում հաճախել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայության դասընթացներին:

 

1909 թվականին Ադանայի կոտորածների ժամանակ ստեղծված պատվիրակության կազմում մեկնել է այնտեղ, ինչից հետո կիլիկիահայերի ողբերգությունը պատկերել է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում: 1915 թվականին խուսափելով ձերբակալությունից և աքսորից' նա ապաստանել է Թիֆլիսում, այնուհետև մեկնել Ֆրանսիա: 1926 թվականին Եսայանը գալիս է Հայաստան և ստաց ած տպավորություններով գրում «Պրոմեթեոս ազատագրված» գիրքը: 1933 թվականից հաստատվում է Խորհրդային Հայաստանում' դասավանդելով ֆրանսիական գրականություն: 1936 թվականի աքսորվում է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին անհայտ հանգամանքներում մահանում է: