Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Փերինչեքի գործով հունվարի 28-ին կայանալիք դատավարությանը հօգուտ Հայաստանի և ընդդեմ Թուրքիայի հանդես կգան թուրքական Մարդու իրավունքների կազմակերպությունն ու «Ճշմարտություն, արդարություն» հիշողության կենտրոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը: Մարդու իրավունքների կազմակերպության փոխնախագահ Մերալ Չըլդըրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է,որ իրենք համապատասխան փաստաթղթերի ծրար էին հանձնել պատկան մարմիններին և այժմ տեղեկացել են, որ դիմումն ընդունվել է:
Կազմակերպության իրավաբան Էրեն Քեսքինը՝ մանրամասնելով թղթածրարի բովանդակությունը, նշել է, որ Դողու Փերինչեքը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ և ղեկավարում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ աշխատանքներ տանող «Թալեաթ փաշա» կոմիտեն: Քեսքինի համոզմամբ՝ Փերինչեքը ցեղային խտրականության հանցանք է գործում և այս առումով ՄԻԵԴ կայացրած որոշումը պետք է վերանայվի:
Ասուլիսի մյուս մասնակիցները հայտնեցին, որ ուրացումը Թուրքիայում հանգեցնում է ազգային ատելության և խրախուսում է հակահայ շրջանակներին: Նրանք նշեցին, որ իրենց պատաստած թղթածրարը ոչ թե պատմում է Ցեղասպանության տարիների դեպքերի մասին, այլ մատնանշում է Փերինչեքի հայտարարությունների ռասիստական և խտրականություն առաջ բերող կողմերը: Որպես Թուրքիայում հակահայկական գործողությունների օրինակ են բերվել Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի, Մարիցա Քյուչուքի սպանությունները՝ ընդգծելով, որ այդ շրջանակների գործողությունները չեն սահմանափակվում միայն խոսքերով և նաև կյանք են խլում: Ներկաները փաստել են, որ ուրացումը հանգեցնում է նրան, որ Թուրքիայում հայերը շարունակեն ապրել սպառնալիքի ներքո:
2007 թվականի մարտի 9-ին շվեյացրական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկվելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերիչեքի հայցը: Շվեյցարիայի կառավարությունը մարտի 17-ին հայց է ներկայացրել Մարդու իրովունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Հայաստանը գործում ներգրավված է որպես երրորդ կողմ: