Մայիսին Իռլանդիայում նախատեսվում է անցկացնել հանրաքվե, որի շրջանականում քաղաքացիները կորոշեն' արդյո՞ք պետք է երկրի Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել, որպեսզի երկրի համասեռամոլներն ամուսնության իրավունքն ստանան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով euromag-ը, հանրաքվեի անցկացման գաղափարը ողջունում է հասարակության մեծ մասը, քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները: Նախնական տվյալներով, քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 70 տոկոսը կողմ կքվեարկեն Սահմանադրության մեջ փոփոխությունների անցկացմանը:
Համասեռամոլների կարգավիճակի հարցը Իռլանդիայում դարձավ արդիական, երբ այդ երկրի առողջապահության նախարարը հայտարարեց, որ համասեռամոլ է: Այդ կերպ նա դարձավ առաջին քաղաքական գործիչը, ով չթաքցրեց իր սեռական կողմնորոշումը:
Նախարարի անկեղծությունը բարձր գնահատեցին, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական շրջանակներում:
Վերջին տարիներին Իռլանդիայի հասարակությունը լուրջ փոփոխություններ է կրել: Նախկինում համարվելով Եվրոպայի ամենապահպանողական երկրներից մեկը, որտեղ եկեղեցին ունի մեծ ազդեցություն, այսօր Իռլանդիայի հասարակությունը համարվում է խիստ առաջադեմ:
Այդ փոփոխությունների հիմքում, ըստ Financial Times-ի, տնտեսական աճն է, երկրում հարուստների թվի մեծացումն ու միգրացիան: Համասեռամոլների հարաբերություններն Իռլանդիայում օրինակացվել են 1993թ: 2010թ. իրավունք տրվեց քաղաքացիական միություն կազմել: