«2014-2018 թվականներին տարածաշրջանների սոցիալ տնտեսական պետական ծրագրի իրագործման առաջին տարվա արդյունքները» թեմայով փակ նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է երկրում առկա լուրջ խնդիրները եւ բնակչությանը կոչ արել ապրել խնայողաբար, ինչով, փաստորեն, ազդարարել է երկրի ազգային արժույթի' մանաթի ան խուսափելի էժանանալու մասին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը:
Ալիեւը խոստովանել է, որ նավթի համաշխարհային գների կտրուկ անկման պայմաններում մանաթի կուրսն արհեստականորեն կայուն պահելն անթույլատրելի է, քանի որ դրա համար հսկայական միջոցներ են ծախսվում:
«Իհարկե, սոցիալական խնդիրների լուծման համար դա դրական գործոն է: Սակայն դա այնքան էլ դրական չէ տնտեսության, արտահանման ներուժի համար: Մանաթի արժեվորումը կարեւոր է, եւ կառավարությունն ու Կենտրոնական բանկը պետք է համապատասխան քայլեր կատարեն», -ասել է Ալիեւը:
Թերթի հետ զրույցում նշելով, որ Ադրբեջանի տնտեսությունն ու բյուջեն ուղղակիորեն կախված են նավթից, տնտեսագետ Սամիր Ալիեւն ասել է, որ Ադրբեջանի արտահանման 93 տոկոսը եւս կազմում են նավթն ու նավթամթերքները:
«Երբեմն հպարտությամբ նշում են, որ մանաթն ուժեղ արժույթ է: Սակայն դա նշանակում է, որ արտահանվող ապրանքի գինը բարձր է, իսկ ներկրվողինը' ցածր: Այդ իրողությունը խնդիրներ է առաջացնում ոչ նավթային հատվածի զարգացման համար: Մանաթը պետք է էժանացվեր նավթի էժանացումից առաջ»,-նշել է նա:
Տնտեսագետը նաեւ ընդգծել է, որ մանաթի էժանացումը կարող է որոշակի խուճապ առաջացնել: «Անցյալ տարվա դեկտեմբերին այդ խուճապը չեզոքացնելու համար Կենտրոնական բանկը ծախսեց արտարժույթի պահուստի 8 տոկոսը: Այժմ դա անել անհնարին է, քանի որ նավթը շատ էժան է: Եթե կառավարությունը գնա մանաթի դեվալվացիային, ապա այն նվազագույնը 10 տոկոս կեժանանա», -համոզմունք է հայտնել ադրբեջանցի տնտեսագետը:
Հետաքրքիր է, որ նավթի համաշխարհային գների սրընթացորեն անկման շրջանում Ալիեւը բազմիցս հայտարարել էր, որ նավթի էժանացումը չի ազդելու ադրբեջանական տնտեսության, ինչպես նաեւ մանաթի կուրսի վրա: Սակայն, դեռեւս մեկ ամիս չանցած, Ալիեւը խոստովանում է հակառակը:
Անցյալ տարվա վերջից նավթի գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը միլիարդավոր դոլարների վնաս է կրել: Ադրբեջանի 2015 թվականի բյուջեում նավթի գինը հաշվարկված է մեկ բարելի դիմաց 90 ամերիկյան դոլար: Ներկայում նավթի համաշխարհային, այդ թվում' ադրբեջանական, գները 50 դոլարից ցածր ձն, եւ միջազգային փորձագետների կանխատեսումներով հետագա երեք տարիներին նավթի համաշխարհային գները չեն անցնի 60 դոլարից: