Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին և 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ մամուլի բաժնից, ստուգումներ ի պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների և առկա այլ տեղեկատվության հիման վրա:

 

Այսպիսով, ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 250-ը նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, հատուկ դպրոց, երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի իրացում կազմակերպող տնտեսավարողներ են:

 

Ուշադրության կենտրոնում են գտնվում սննդամթերքի իրացում/առևտուր իրականացնող շուրջ 295 կազմակերպություններ, այդ թվում՝ մսի և ձկան իրացում իրականացնող 58 տնտեսավարող, հացի արտադրություն իրականացնող 110 տնտեսավարող, կաթնամթերք արտադրող 75 տնտեսավարող, մսամթերք արտադրող 20 տնտեսավարող, նաև՝ ներմուծում և իրացում իրականացնող 17 ու պահածոյի, պաղպաղակի, ոգելից և ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, տորթի, մակարոնեղենի, գարեջրի, հյութերի, սուրճի, թեյի ու սննդամթերքի հետ կապված այլ գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ:

 

Բացի տարեկան պլանային ստուգումներից, կիրականացվեն նաև դիտարկումներ և ոչ պլանային ստուգումներ' ելնելով քաղաքացիների դիմում բողոքներից և պետական ու այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվությունից: