Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը աշխատում է ինչպես առանձին անհատների, այնպես էլ Եվրոպական Միության հաստատությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Ֆրանսիայում լույս տեսնող «Նոր Յառաջ» հասարակական-քաղաքական և գրական թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը:
«Մենք կենտրոնացած ենք քաղաքական միտք ձևավորելու վրա, որը կընդգրկի նաև իրավական պահանջներ։ Հայ դատի ցանցերը ճանաչումից մի քայլ առաջ կգնանˋ պահանջելով քաղաքական հատուցում։ Այդ նպատակով մենք դիմել ենք միջազգային իրավաբանների և արդեն պատրաստել ենք թղթածրար»,- ասել է Դեմիրճյաննˋ ընդգծելով, որ հայության մոտ պետք է ձևավորել հատուցման կարևորության գաղափարը։
100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնությունների մասովˋ Հայ դատի գրասենյակները, նրա խոսքով, պատրաստ են օժանդակել բոլոր տեսակի ծրագրերիˋ ցույցեր, դասախոսություններ, ցուցահանդեսներ, երաժշտական հուշ-երեկույթներ։ Դրանք համագործակցում են նաև Թուրքիայում ցեղասպանության ենթարկված մյուս ազգային փոքրամասնությունների հետ:
Անդրադառնալով վերջին տարիներին Արևելյան և Կետրոնական Եվրոպայի մի շարք երկրներում Հայ դատի նոր հանձնախմբերի ստեղծմանը' Դեմիրճյանը նշել է, որ այդ երկրները մեծ կարևորություն ունեն: «Այդ երկրները հակառուսական տրամադրություններ ունեն, իսկ Հայաստանըˋ որպես Ռուսաստանի դաշնակից պետություն, դառնում է նման մոտեցումների «զոհը»:
Ավելին, այդ երկրներումˋ մասնավորապես Ռումինիայում, մեծ է ադրբեջանական ներկայությունը: Ադրբեջանի հակահայկական քարոզչությաննը հակակշռելու համար նոր հանձնախմբեր են բացվում այդ երկրներում»,- պարզաբանել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատուն:
Նրա խոսքովˋ Հայ դատի հանձնախմբերը ապակենտրոնացված ձևով են աշխատումˋ տվյալ երկրի պայմաններին համապատասխան: Կիպրոսի կամ Հունաստանի Հայ դատի գրասենյակներին չի կարելի համեմատել Գերմանիայում կամ Շվեդիայում գործողների հետ
Իսկ ինչ վերաբերում է Հայ դատի Եվրոպայի կենտրոնական գրասենյակին, ապա գտնվելով Բրյուսելում, ուր տեղակայված են Եվրախորհրդարանը, Եվրախորհուրդը և եվրոպական մյուս բարձրագույն ատյանները, դրանք կարողանում են հայկական որևէ հարց ներկայացնել տարբեր երկրների պատգամավորններին: