Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Օպտիկ Սթայլ» խանութի սրահից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուվարի 12-ին' ժամը 18:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն «Օպտիկ Սթայլ» խանութի սրահի սեղանի վրայից գաղտնի հափշտակել է աշխատակցուհուն պատկանող հեռախոսը' վերջինիս պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի վայրի զննությամբ «Օպտիկ Սթայլ» խանութից առգրավվել է տեսանկարահանող սարքի՝ դեպքի օրվա տեսագրությունը, որտեղ արձանագրված է գողության պահը:
«Ովքեր ճանաչում են տեսագրությունում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին»: