Նախորդ տարվա ընթացքում Արարատի մարզում գտնվող միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքնային նշանակության ավտոճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել են 8780.229 մլն դրամի նորոգման, պահպանման եւ շահագործման աշխատանքներ, որից ՀՀ պետական բյուջեի միջոցներով' 792.229 մլն դրամի, Ասիական զարգացման բանկի միջոցներով' 77 40.0 մլն դրամի եւ համայնքնային բյուջեների միջոցներով' 248.0 մլն դրամի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Արայիկ Պողոսյանը, ՀՀ պետբյուջեի միջոցներով աշխատանքներ են իրականացվել մի շարք հանրապետական եւ մարզային նշանակության ճանապարհահատվածներում: ՀՀ պահուստային ֆոնդից 5-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվել են ասֆալտապատման եւ վերանորոգման 14 ծրագիր:
ՀՀ պետբյուջեի շրջանակում մարզի տարածքում գտնվող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար 2014 թվականին հատկացվել է 295,175 մլն դրամ, իսկ Արարատի մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանման եւ շահագործման համար' 20,560 մլն դրամ:
Բաժնի պետը նշեց նաեւ, որ Ասիական զարգացման բանկի միջոցներով տրամադրված գումարներով իրականացվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ 19,6 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Համայնքային բյուջեների միջոցներով եւս իրականացվել են մի շարք համայնքային նշանակության ճանապարհների կոպճապատման եւ ասֆալտապատման աշխատանքներ:
Անդրադառնալով 2014 թվականին կատարված աշխատանքներին' Պողոսյանը նշեց, որ դրանք գոհացուցիչ են, սակայն դեռ շատ անելիքներ կան: «Մարզում լուրջ ճանապարհաշինարարական խնդիրներ ունենք: Հրատապ նորոգման ենթակա ավտոճանապարհներ կան Արտաշատի, Մասիսի եւ Արարատի տարածաշրջանների 47 համայնքներում, որոնք իրենց լուծումն աստիճանաբար կստանան առաջնահերթության սկզբունքով»,- ասաց նա:
Լիլիթ Մաճկալյան