Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակը չի նշանակի Իսլամական ծայրահեղականության գաղափարախոսության լիակատար պարտություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս նախազգուշացմամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հարցազրույցում, որը փետրվարի 3-ին հրապարակվել է The Sydney Morning Herald թերթում:

 

«Չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել և հուսալ, որ, եթե մենք ջախջախենք «Իսլամական պետությունը» Սիրիայում և նրան վռնդենք Իրաքից, այդ գաղափարախոսությունը՝ դրա որևէ դրսևորմամբ, չի հայտնվի մեկ այլ վայրում»,- ընդգծել է բրիտանական դիվանագիտության ղեկավարը, որը Սիդնեյում մասնակցել է Մեծ Բրիտաիայի և Ավստրալիայի ԱԳ և պաշտպանության նախարարների ամենամյա հանդիպմանը:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Համոնդը կանխատեսել է, որ իսլամական ծայրահեղականության դեմ պայքարը կշարունակվի «ներկա սերնդի կյանքի ընթացքում»: Ընդսմին, նախարարի կարծիքով, այդ պայքարի ռազմական բաղադրիչն ամենադժվարինը չէ: «Շատ ավելի կարևոր է այն գաղափարախոսությանը դիմակայելը, որն արձագանք է գտնում խոցելի մարդկանց շրջանում»,- հավելել է նա:

 

Պատասխանելով այն հարցին, թե Արևմուտքն այժմ հաղթում է արդյոք իսլամական ծայրահեղականությանը, Համոնդն ասել է. «Մենք առաջ ենք շարժվում, բայց հասկանում ենք, որ դեռ շատ հեռու ենք այն պահից, երբ իրադրությունը հսկողության տակ կառնվի»: