«Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում սպանել են 8 ամիս առաջ առևանգված քրիստոնյա քահանա Պոլյա Յակուբային: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ալ-Վասատ» լրատվական պորտալին:

 

Ըստ ստացված տվյալների՝ սպանությունը տեղի է ունեցել Նայնավա նահանգի վարչական կենտրոն Մոսուլ քաղաքում, որն արդեն երկար ժամանակ է վերահսկում են ծայրահեղականները: Յակուբայի ճակատագրի մասին երկար ժամանակ տեղեկություններ չէին հաղորդվում:

 

2014թ.-ի օգոստոսից ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը օդային հարվածներ են հասցնում Սիրիայում և Իրաքում տեղակայված ԻՊ-ի դիրքերին: Օդային գրոհներին մասնակցում են մի շարք արևմտյան երկրներ, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Հորդանանի և Բահրեյնի ռազմական օդանավերը:

 

2014 թվականի հուլիսից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում եւ Իրաքում վերահսկում է հսկայական տարածքներ՝ ահաբեկելով տեղի բնակչությանը, հատկապես քրիստոնյա ազգաբնակչությանը: Միայն 2014 թվականին, իրենց տներից ստիպված հեռացել են հարյուր հազարավոր քրիստոնյաներ, որոնց մեծ մասը ապաստան է գտել Իրաքի Քրդստանում: