ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն փետրվարի 3-ին այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ (1022 բնակիչ, 255 տնտեսություն) գյուղ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՏԿԱԻ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի նպատակն էր զրուցել գյուղի բնակիչների հետ՝ նրանց հուզող հարցերը, խնդիրներն իրենցից լսելու և դրանց լուծումներ տալու համար:

 

Արենի-Խաչիկ ավտոճանապարհին նախարար Երիցյանը կանգ է առել քարաթափման ենթակա վտանգավոր տեղամասում: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցել է նախարարին ընթացիկ իրավիճակի ու իրականացված ուսումնասիրությունների մասին: Ա. Երիցյանը հանձնարարականներ է տվել՝ պայթեցման ճանապարհով քարաթափման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

 

Խաչիկ գյուղում Ա. Երիցյանին դիմավորել են գյուղապետը և բնակիչները: Նրանք նշել են, որ ուրախ են նախարարին իրենց հուզող հարցերը ներկայացնելու և միասին լուծումներ գտնելու հնարավորության համար: Ողջունելով խաչիկցիներին՝ նախարար Երիցյանը նշել է, որ արդեն տեղյակ է սահմանամերձ գյուղում առկա խնդիրներին, սակայն ցանկանում է անձամբ զրուցել գյուղացիների հետ և լսել նրանց առաջարկները.

 

«Անշուշտ, պետությունը կանգնած է գյուղացու կողքին, սակայն կան հարցեր, որ պետք է ձեզ հետ միասին քննարկենք, հասկանանք. ես ուզում եմ անձամբ ձեզանից լսել ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաև՝ ցանկանում եմ, որ միասին լուծման ուղիներ գտնենք: Պետք է այնպես անենք, որ գյուղացին լավ ապրի: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա և երիտասարդները մնան իրենց հայրենի հողում»,- ասել է Ա. Երիցյանը:

 

Խաչիկցիների խոսքերով՝ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, բնակարանաշինությունը, գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցը: Ոռոգման ջրի հարցի լուծումը, ըստ գյուղի բնակիչների, փոքրիկ ամբարտակի կառուցումն է:: Նախարար Երիցյանը մի շարք հարցերի լուծման վերաբերյալ տեղում հանձնարարականներ է տվել՝ խոստանալով նաև ընթացք տալ երկարաժամկետ խորհրդակցության կարիք ունեցող հարցերին:

 

Հաջորդն Արարատի մարզի Սևակավան (804 բնակիչ, 145 տնտեսություն) և Երասխ (729 բնակիչ, 210 տնտեսություն) համայնքներ էին: Ներկայացնելով իրենց խնդիրները նախարար Երիցյանին՝ սևակավանցիները նշեցին, որ երիտասարդները մեծ մասամբ լքում են գյուղը, քանի որ հողագործությունը նրանց որևէ շահույթ չի բերում:

 

Հակառակորդի գնդակոծությունների պատճառով գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց հիմնական վարելահողը և վար ու ցանք անելու համար ստիպված են 10 կմ ճանապարհ կտրել: Ունեն նաև ջրի խնդիր, քանի որ ջրի խողովակները մաշված են, և ջուրը մինչ նպատակակետին հասնելը գոլորշանում է: Շեշտելով գյուղացիների բարձրացրած հարցի կարևորությունը՝ ՏԿԱԻ նախարարն այն տեղում քննարկել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ, և առանձին քննարկում նշանակել՝ խնդրի լուծման մանրամասները քննարկելու համար:

 

Երասխ համայնքի բնակիչները նույնպես ոռոգման ջրի խնդիր ունեին, ինչպես նաև՝ գազիֆիկացման կարիք. մարզպետը զեկուցել է նախարարին, որ գազիֆիկացման խնդիրները լուծման ընթացքի մեջ են: Նախարար Երիցյանն այցելել է նաև Երասխի գինու գործարան, որը սահմանագծին չափազանց մոտ գործող եզակի գործարաններից է և ունի 130 աշխատատեղ: Ա. Երիցյանը տեղում ծանոթացել է գործարանի առջև ծառացած խնդիրներին՝ հանձնարարելով ուսումնասիրել հարցն ու լուծման հնարավոր եղանակներ առաջարկել: