Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովն «Իսլամական պետությունն» անվանել է ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ստեղծածը, որոնք գաղտնի պատերազմ են հայտարարել իսլամի դեմ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այդ մասին Կադիրովը գրել է սոցցանցի իր էջում՝ մեկնաբանելով «Սուֆիզմ. Մարդու անվտանգությունն ու պետությունների կայունությունը» ժողովածուի շնորհանդեսը, որը հիմնված է իսլամական միջազգային համաժողովի նյութերի վրա:

 

Նրա խոսքով՝ «վահաբիները» գնում են շեյթանի (սատանայի) ուղով:

 

«Նրանք իսլամից վերցնում են միայն այն, ինչ ցանկանում են, իսկ իսլամն Ալլահի խոսքն է, և դրանք մասերի բաժանել չի կարելի: Զեկույցները վկայում են, որ ԻՊ-ը նաև նպատակ ունի իսլամը ներսից մասնատել և աշխարհին պարտադրել հրաժարվել իսլամից: Նրանց դաժանությունները, գնդակահարությունները, մարդկանց խարույկի վրա այրելն ուղիղ շարունակությունն են այն բանի, ինչ արել են մարդասպանները Մարգարեի թոռան ու արդարների հետ: ԻՊ-ն ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ստեղծածն է, որոնք թաքնված պատերազմ են հայտարարել իսլամի դեմ»,- ընդգծել է Ռամզան Կադիրովը:

 

Միջազգային իսլամական «Սուֆիզմ. Մարդու անվտանգությունն ու պետությունների կայունությունը» խորագիրը կրող գիտաժողովը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին՝ Գրոզնիում: