Ադրբեջանի կառավարության համապատասխան որոշումով' այդ երկրի զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայելու իրավունք են ստացել արտասահմանցիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

 

Ադրբեջանի ԶՈւ շարքերում ծառայության համար բավական է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, դիմում, զեկույց, կրթության մասին փաստաթղթի պատճեն, ինչպես նաեւ լուսանկարներ:

 

 

Ադրբեջանում պայմանագրային հիմունքներով ծառայության կարելի է անցնել 19 տարեկանից' ունենալով միջնակարգ կրթություն, եւ 40 տարեկանից (սպաներ, ենթասպաներ, միչմաններ): Պայմանագրային զինծառայությունը բաց է նաեւ 19-40 տարեկան կանանց համար:

 

 

Կանոնների համաձայն' արտասահմանցիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հետ պայմանագիրը կարող է կնքվել մինչեւ 3 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, կողմերի համաձայնությամբ, այն կարող է երկարացվել: Արտասահմանցի եւ քաղաքացիություն չունեցող անձինք կարող են զրկվել զինծառայությունից Ադրբեջանից արտաքսվելու մասին որոշում լինելու դեպքում, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարվելու դեպքում:

 

 

Ինչպես երեւում է' Ադրբեջանի իշխանությունները չեն բավարարվում բանակում սեփական զինվորներին «մսաղացի» մեջ նետելուց, այժմ էլ որոշել են այդ «մսաղացում» օգտագործել արտասահմանցիներին: