Երևանում մեկնարկեց Հայ-ռուսական երիտասարդական առաջին համաժողովը, որը կնպաստի երկու երկրների երիտասարդների միջև ավելի սերտ համագործակցության հիմքեր դրվելուն: Համաժողովի բացումը կատարվեց երկու երկրների օրհներգների հնչյունների ներքո, որին հաջորդեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ուղերձի ընթերցումը: «Այս համաժողովն իր բնույթով եզակի է, քանի որ մեկ տեղում է հավաքել բարեկամական երկրների երիտասարդական ներուժը: Հայ-ռուսական համաժողովն անցկացվում է առաջին անգամ, և դրա արդյունքները նշանակալի կլինեն երիտասարդական հիմնախնդիրների համատեղ բարձրացման ու լուծման ճանապարհին:

 

Այն մեծ խթան կհանդիսանա երիտասարդությանն առնչվող հարցերի բնագավառում փոխադարձ սերտ կապերի ու համագործակցության ստեղծման համար: Համոզված եմ, որ դուք' երիտասարդներդ, կարող եք առողջ քննարկման արդյունքում միմյանց փոխանցել ձեր հաջողված փորձը: Իրավամբ կարող ենք հավաստել, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է պետություն-հասարակական սեկտոր համագործակցության մակարդակով: Երիտասարդական կազմակերպությունները պատրաստ են փոխանցել իրենց այդ փորձը, ինչպես նաև ընդունել այլ ոլորտներում ռուս երիտասարդների հաջողված փորձը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասված էր նախարարի ուղերձում:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղեկալ Արսեն Քարամյանը ողջունեց ներկաներին' հույս հայտնելով, որ երիտասարդների միջև ձևավորվող կապերը կդառնան երկկողմ գործընկերային, բերկամական ու հատկապես նոր հարաբերությունների սկիզբ: «Հայ և ռուս ժողովուրդները արդեն մի քանի դար միասին են կերտում իրենց պատմությունը: Այդ պատմությունը հարուստ է համատեղ պայքարի, բարեկամության, փոխօգնության, մշակութային շփումների բազմաթիվ լուսավոր կ ետերով: Յուրաքանչյուր կենսունակ, լավագույն ապագային հավատող ժողովուրդ, դասեր քաղելով անցյալից, փորձում է կառուցել ավելի բարեկեցիկ ու անվտանգ ապագա: Դուք պետք է ձգտեք փոխադարձ ճանաչողության ու հարգանքի, բարոյական և հոգևոր արժեքների վրա խարխսված բարեկամական ու գործընկերային հարաբերությունների հաստատմանը»,-ասաց Արսեն Քարամյանը:

 

Հիշեցնելով 2015-ի խորհուրդը հայ ժողովրդի համար' փոխնախարարը կարևորեց փաստը, որ 1995 թվականին Ռուսաստանը պետական Դումայի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Վստահ ենք, որ այս տարի, հատկապես ապրիլի 24-ին, բազմաթիվ երկրներից ժամանողների կողքին կլինեն նաև մեր ռուս եղբայրներն ու քույրերը»,-նշեց փոխնախարարը:

 

Բոլոր ներկաներին բաժանվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ: Նախարարը խնդրեց ռուս երիտասարդներին դրանք կրել' ի հիշատակ մեր նահատակների և ի համերաշխություն հայ ժողովրդի հետ:

 

«Ուրախ ենք, որ համագործակցությունը մեկնարկում է մեր երկրում, երկրորդ երիտասարդական համաժողովը, որ նախատեսված է անցկացնել այս տարի աշնանը Ռուսաստանի Դաշնությունում, կլինի այս համաժողովի շարունակությունը»,-եզրափակեց Արսեն Քարամյանը:

 

Հայ-ռուսական համաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: «Ուրախ եմ ողջունել հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակիցներին: Այս համաժողովի առաքելությունն է երիտասարդների միջև համագործացության հաստատումը, ինչպես նաև երկրների սոցիալ-տնտեսական զարգացման գործում երիտասարդների ներգրավումն ու նրանց դերի բարձրացումը: Հենց այսպիսի երկխոսության հարթակները անփոխարինելի են, քանի որ դրանք թույլ են տալիս տարբեր դիրքորոշումներ ի արտահայտումն ու արդյունքում մեկ միասնական կարծիքի մշակումը առանցքային խնդիրների շուրջ»,-ասված էր ուղերձում:

 

Հայ-ռուսական համաժողովի արդյունքում թեմատիկ խմբերը կանցկացնեն մտագրոհ' թեմատիկ ուղղությունների հիմնախնդիրների քննարկում, համագործակցության հիմնական առաջարկությունների ձևավորում: Մասնակիցներն աշխատանքային խմբերում առաջարկություններ կմշակեն համապատասխան թեմատիկ ուղղություններով: Երկրորդ համաժողովային օրը մասնակիցները կսկսեն Հաղթանակի զբոսայգի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելությամբ:

 

Համաժողովի ավարտին տեղի կունենա ամփոփիչ հայտարարության ներկայացում և հաստատում: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Միջազգային երիտասարդական կենտրոն» դաշնային պետական բյուջետային կազմակերպության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի: