Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակից Մնացական Ալեքսանյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով' դիտավարությամբ, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու համար: Որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու մասին ստորագրությունը:

 

 

Փետրվարի 12-ին Մնացական Ալեքսանյանը հրավիրվել է Շիրակի մարզի քննչական բաժին, որտեղ և տեղակացվել է մեղադրանքի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը:

 

 

Սառնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Մնացական Ալեքսանյանը փետրվարի 4-ին բերման էր ենթարկվել Շիրակի մարզի Մարալիկի քննչական բաժին և ժամը 19-ի սահմաններում ձերբակալվել՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Մնացական Ալեքսանյանը փետրվարի 6-ին ոստիկանության Շիրակի մարզի Ախուրյանի բաժնից ազատ էր արձակվել ՝ մնալով կասկածյալի կարգավիճակում: