Գյումրու բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինն ունի համապատասխան տեխնիկա, մարդկային ռեսուրս ու աղավազային խառնուրդ՝ տեղումնառատ օրերին քաղաքը մաքրելու համար:
Այս մասին «Արմենպրես»-ին վստահեցրեց պատասխանատուն: Թեև կատարված աշխատանքը բաժնի պետը կատարյալ չի համարում, բայց վստահեցնում է՝ արվում է ամեն ինչ ճանապարհները երթևեկելի դարձնելու համար: «Իհարկե, պահանջվող տեխնիկայի քանակը դեռ չի բավարարում, բայց աշխատում ենք տեխնիկան նպատակային օգտագործել և միշտ էլ կարողանում ենք քաղաքը մաքուր պահել: Տեղումնառատ օրերին մաքրման աշխատաքները կատարվում են «Գրեյդեր»-ների միջոցով: Ձյուն մաքրելու համար քաղաքապետարանն ունի 3 գրայդեր, 5 ջրցան մեքենա՝ կահավորված ձյունը մաքրելու համար, 8 տրակտոր և բեռնատար-ինքաթափ մեքենաներ և 1 ձյուն բարձող մեքենա: Հիմնականում աշխատանքն իրականացվում է գիշերն ու լուսաբացին, իսկ ցերեկները, քանի որ տեխնիկան ծանր է, անհարմար է դրանք երթևեկության պայմաններում գործի դնել»-նշեց Գյումրու բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Մայթերի մաքրման աշխատանքերն իրականացվում են փոքր տրակտորներով ու ձեռքով: «Որտեղ հնարավոր է տեխնիկայի միջոցով իրականացնել աշխատանքները, դա շատ արագ ու հեշտ է կատարվում, բայց շատ մայթերի վրա հնարավոր չէ տեխնիկա աշխատեցնել, և աշխատանքն իրականցվում է ձեռքով: Չեմ ասում, որ իդեալական, այնուամենայնիվ, հսկայական աշխատանք է տարվում, հատկապես՝ բանուկ փողոցներում: Մենք տեսնում ենք, որ անելիք կա, բայց լուրջ աշխատանք արվում է: Խոսքը չի վերաբերում այն օրերին, երբ տեղումները երկար են տևում, և անիմաստ ու անարդյունավետ է դառնում տվյալ պահին մաքրման աշխատանքներ իրականացնելը: Երբ այդ ժամանակ մի փոքր ուշացնում ենք մաքրումը, ժողովուրդը նկատում է, դա լավ է՝ մենք դրանից չենք դժգոհում»,-նշեց Կնյազ Մանասյանը՝ ավելացնելով, որ բաժինը ոչ միայն տեղումների դեպքում, այլ միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով :
Արմենուհի Մխոյան