Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի հաշմանդամները եւ զոհվածների (շեհիդների) ընտանիքները, որոնք արդեն 20 տարի չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք սոցիալական վճարումները, այսօր անժամկետ բողոքի ակցիա են սկսել Ադրբեջանի նախագահի նստավայրի առաջ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով faktxeber.com լրատվական կայքը: Ակցիայի մասնակիցները պահանջում են վճարել ապահովագրական փոխհատուցումները:
Նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանից դեռեւս ոչ ոք չի ընդունել նրանց: Բողոքողները հայտարարել են, որ ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, մինչեւ չլուծվեն իրենց խնդիրները: Ակցիային մասնակցում են 200-ից ավելի հաշմանդամներ եւ զոհվածների հարազատներ:
Ադրբեջանի կառավարությունը պետք է վճարի 13500 զոհվածի ընտանիքի 11 հազարական մանաթ, իսկ ղարաբաղյան պատերազմի 11 հազար հաշմանդամներից առաջին կարգի հաշմանդամներին 8800-ական մանաթ, երկրորդ կարգի հաշմանդամներին' 6600-ական մանաթ եւ երրորդ կարգի հաշմանդամներին' 4400-ական մանաթ: 1994 թվականից սկսած նրանք այդ ապահովագրական վճարները դեռեւս չեն ստացել:
«Հայրենական պատերազմի հաշմանդամներ» կազմակերպության առաջին կարգի հաշմանդամ նախագահ Ֆիրիդուն Մամեդովը նշել է, որ անցյալ տարվա ակցիաների ժամանակ միտինգավորներին խոստացել էին կարճ ժամանակում վճարել այդ փողերը, բայց դա մինչ օրս չի արվել:
Մամեդովն ասել է, որ զոհվածների ընտանիքներին եւ ղարաբաղյան հաշմանդամներին պետության կողմից ցուցաբերվող անտարբեր վերաբերմունքից դժգոհների մեջ կան մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են հրաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից:
«Ղարաբաղյան հաշմանդամների մեջ ապրուստի փող չունեցող, բուժման կարիք ունեցող մեծ թվով քաղաքացիներ կան: Այդ մարդկանց ընտանիքներն ապահովված չեն անհրաժեշտ ապրուստով: Վճարվելիք 8 կամ 6 հազար մանաթը չի կարող փոխարինել ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի կորցրած ոտքին կամ ձեռքին: Սակայն, պետության կողմից այդ անտարբերությունն առաջացնում է նրանց խիստ դժգոհությունը», -նշել է Մամեդովը:
Կայքը հայտնում է, որ 1990-ականների սկզբին զինծառայության կանչված քաղաքացիները Ադրբեջանի զինված ուժերում ծառայությունը սկսելու պահից պարտադիր կերպով ապահովագրվել են պետության կողմից, ինչի համար կառավարութունը «Ազերսըղորթա» պետական ապահովագրական ընկերության հաշվին փող է փոխանցել:
Ադրբեջանի սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 28-ին զինծառայողներին հատկացված պարտադիր ապահովագրության վճարումների հետ կապված վճիռ է ընդունել: Այդ փաստաթղթի հիման վրա Ադրբեջանի խորհրդարանը պետք է համապատասխան որոշում ընդուներ, ինչը չի արվել: Կայքը նաեւ հայտնել է, որ 2000 զոհվածների ընտանիքների եւ Ղարաբաղի հաշմանդամներին ապահովագրական վճարներ կատարելու վերաբերյալ դատարանի վճիռներ կան հրապարակված:
Նշված փաստերը մեկ անգամ եւս ապացուցում են, որ նավթադոլարներով արբած Ադրբեջանի իշխանությունների համար ղարաբաղյան պատերազմի շեհիդներն ու հաշմանդամները որեւէ կարեւորություն չունեն:
Ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ» հրամանագրից հետո լիովին կասեցրել է զինուժին վերաբերող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը: Այդուհանդերձ, ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում հայկական ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում նախահարձակ հակառակորդը 2015 թվականի սկզբից մինչ այժմ տվել է առնվազն 30-ից ավելի զոհ եւ 27-ից ավելի վիրավոր: