Ռուսական շուկայում ձկնամթերքի գների նվազումը հանգեցրել է Հայաստանից արտահանումների նվազման և ներքին շուկայում գնանկումների:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը' նշելով, որ եթե նախորդ տարի մեկ կիլոգրամ իշխանը Հայաստանում արժեր միջինը 1800 դրամ, ապա այս տարի իշխանի գինը մոտավորապես 1400 դրամ է: «Ռուսաստանում ներկայումս գները գրեթե հավասար կամ ավելի ցածր են տեղական շուկայի գներից: Բացի այդ, այնտեղ պահանջարկը ցածր է, և մեր արտադրողները չեն կարողանում նախորդ տարվա ծավալներով արտահանում իրականացնել: Սովորաբար ամռան ամիսներին է ձկան գինը հասնում նվազագույնին, սակայն այս տարի ձմռանը ձուկը վաճառվում է դրանից ցածր գներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Աթոյանը:

 

Ի պատասխան լրագրողների այն խնդրանքին, որ նա թվային տվյալներով հաստատի արտահանման նվազեցման մասին տեղեկավությունը, Աթոյանը նշեց, որ սրտացավությամբ է մոտենում այդ հարցին, բայց չի կարողացել թվային տվյալները աչքի անցկացնել: Իսկ այն հիշեցմանը, թե Գյուղատնտեսության նախարարության տվյալներով արտահանման ծավալները նախորդ տարի ավելացել են, Աթոյանը պատասխանեց, որ կան տարբեր թվային տվյալներ, և ինքը չգիտի հստակ վիճակագրությունը:

 

Հայ ձկնարտադրողների միության նախագահը վստահ է, որ պետական մակարդակով պետք է օգնել ձկնարտադրողներին, որպեսզի վերջիններս կարողանան ցածր ինքնարժեքով արտադրություն իարականացնել: «Արտադրողը պետք է կարողանա ցածր գներով ձկնամթերք մատակարարել շուկա, որպեսզի այն մրցունակ լինի: Հակառակ պարագայում արտահանման աճ չի գրանցվի»,- ասաց Արթուր Աթոյանը: Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի երկու անգամ բարձրացել է ձկան ներկրվող կերի գինը, ինչը ևս իր ազդեցությունն է ունեցել ձկան ինքնարժեքի ձևավորման վրա:

 

Ձկնորսության համախառն արտադրանքը Հայաստանում 2014 թվականին ավելացել է 24.6 տոկոսով և կազմել 28 մլրդ 650.8 մլն դրամ: Ներկայումս հանրապետությունում տարեկան արտադրվում է 10-11 հազար տոննա ապրանքային ձուկ, որի գերակշռող մասը կազմում է ծիածանափայլ իշխանը: Արտադրված ձկնամթերքի շուրջ 25%-ը արտահա նվում է: