Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» (ՂԱԿ) սպառնացել է 2015 թվականի ամռանը Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի ընթացքում սադրանքներ կազմակերպել հայկական պատվիրակության դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ՂԱԿ-ի առաջնորդ Աքիֆ Նաղին հայտարարել է, որ իրենց համար ոչ մի նշանակություն չունի հայ մարզիկների եւ մյուս երկրներից ժամանած հյուրերի անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունը:
«Եթե հայ մարզիկները ժամանեն Բաքու, ապա մենք ամեն բան կանենք նրանց ելույթները խանգարելու համար, եւ դրանում ոչ ոք մեզ խանգարել չի կարող: Մենք, ինչպես նախկինում, ներկա ենք գտնվելու դահլիճներում, մարզական կենտրոններում եւ բողոքելու ենք հայ մարզիկների դեմ: Ես չգիտեմ, թե ինչ անվտանգության երաշխիքների մասին է խոսում Ազադ Ռահիմովը», -հայտարարել է նա:
Ազադ Ռահիմովն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը Բաքվի Եվրոպական խաղերին կմասնակցի 30-50 մարզիկով: Նա հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը:
ՂԱԿ-ը հայտնի է իր հակահայկական գործողություններով: Այդ ազգայնական կազմակերպությունը մշտապես սադրանքներ է կազմակերպել Ադրբեջանում միջազգային մակարդակով կազմակերպված միջոցառումներին մասնակցած հայկական պատվիրակությունների դեմ: