Ադրբեջանում դադարեցվել է ընդդիմադիր azadsoz.com լրատվական կայքի գործունեությունը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթին հայտնել է կայքի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, վտարանդիության մեջ գտնվող ադրբեջանցի ակտիվիստ Թուրալ Սադըգլըն:
«Փետրվարի 13-ին Բաքվի Սաբունչիի շրջանի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են եղբորս' Էլգիզ Սադըգովին եւ հորս' կայքի խմբագիր Ալովսաթ Սադըգլըին: Մեկ օր հետո հորս ազատ են արձակել: Եղբորս կալանել են թմրանյութ պահելու կեղծ մեղադրանքով: Փետրվարի 13-ից սկսած' կայքի գործունեությունը կասկածելի պատճառով դադարել է:
Այդ օրվանից կայքի «ադմին պանել» մտնել չի լինում: Միանշանակ է, որ դա մեր ընտանիքի դեմ սադրանքի եւ ազատ խոսքը խեղդելու բաղկացուցիչ մասն է: Ներկայում աշխատանք ենք տանում կայքը վերականգնելու ուղղությամբ: Ցանկանում են ամեն կողմից փակել մեր գործունեությունը: Բայց ոչ ոք չի կարող մեզ հետ պահել մեր ընտրած իրավացի եւ արդարացի ճանապարհից», -ասել է Թ.Սադըգլըն: